ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՂ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԻ»

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՂ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԻ»
19.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-2011 թ. բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է։ Ձեր գնահատականով` ՀՀ տնտեսական քաղաքականության 2010 թ. ձեռքբերումներն ու սխալները արտահայտվա՞ծ են նախագծում:
-Ես կարծում եմ` տևական ժամանակ է, որ որևէ իրական առաջընթաց մենք չենք տեսել. նկատի ունեմ ոչ թե ցուցանիշները, այլ որակական փոփոխությունները, որոնց արդյունքում երկրի տնտեսությունը որակական նոր աստիճանի կհասնի:
-Նկատի ունեք կենսամակարդակի բարձրացումը:
-Ոչ միայն դա ցուցանիշներից մեկը կարող է լինել, այլև տնտեսության մրցունակության բարձրացումը: Չինաստանի կենսամակարդակը եվրոպականի հետ չես համեմատի, բայց տնտեսական այլ ցուցանիշների առումով Չինաստանը ցանկացած եվրոպական պետության հետ կարող է մրցել: 2011-ի բյուջեի նախագիծը 2010-ի շարունակությունն է, առանձնահատուկ ոչինչ չկա, որ տարբերակման հիմք տա: Առայժմ մենք միայն առաջին անհրաժեշտության ծախսերի ծավալներն ենք փորձում ապահովել, մնացածը մնում է նույնը` եկամուտների գերկենտրոնացում, բնակչության դրամի օրինական կամ անօրինական կուտակում կլանների կամ պաշտոնատար անձանց ձեռքում: Ես ցավով եմ նշում, որ նույն կերպ շարունակվում են ստվերային տնտեսության հիմքերը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նման ցածր տոկոս ամբողջ ԱՊՀ-ում չկա: 17, 1 տոկոսն ուղղակի խայտառակություն է, մնացածն արդեն գեղեցիկ խոսքերի արվեստ է:
-Կառավարության անդամները, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկրում ոչ մի սոցիալական ծրագիր չկրճատվեց, կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացվեց, դա ներկայացվում է իբրև մեծագույն նվաճում: Ընդունենք: Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ կքննարկվի երկրի արդյունաբերական զարգացման ծրագիրը, սպառման-սպասարկման ոլորտից, շինարարությունից դուրս, ե՞րբ է ընկալվելու, որ երկիրը պետք է արդյունաբերություն ունենա:
-Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունն ու կառավարման ոլորտում արվող քայլերը չեն վկայում, որ գիտակցվում է դրա անհրաժեշտությունը:
-Բյուջեի նախագծում որևէ արտահայտություն կա՞:
-Ես չեմ տեսնում նման միտում, ընդամենը մտադրություններ են: Իսկ այն, որ ասում են, թե կրճատումներ չեն եղել, նպատակաուղղված խաբեություն է:
-Ինչո՞ւ, ասում են` փաստերի հիման վրա:
-Եթե գնաճը չի դադարում, բայց համապատասխան չափով չեն բարձրանում աշխատավարձերը, կենսաթոշակները, ի՞նչ սոցիալական ծրագրի մասին կարող է խոսք լինել: Թող կառավարության որևէ անդամ փորձի ապացուցել, որ 26000 դրամ միջին կենսաթոշակ ստացող քաղաքացու սոցիալական փաթեթը պահպանվել է: Այսօրվա դրությամբ սպառողական նվազագույն զամբյուղը 50000 դրամից հաստատ ավելի է: Միջին կենսաթոշակը կարող է սահմանվել 40000 դրամ, բայց ապրանքներն այնքան թանկացնել, ինչը շատ հանգիստ կարելի է անել, որովհետև մեզ մոտ շուկայական չէ գնագոյացումը, այլ մոնոպոլ, որ սպառողական զամբյուղը դառնա 200000 դրամ: Իրականում թռիչքային գնաճ է եղել, իսկ միջինացված թոշակն ու աշխատավարձը կես ամիս ապրելուն էլ չեն հերիքում: Մենք խոսում ենք տարրական գոյապահպանության մասին, ոչ առողջական, կրթական, մշակութային ծախսերի: Այս պայմաններում սոցիալական ծրագրերի պահպանման մասին խոսելը ֆիկցիա է: Էլ չեմ խոսում այն մասին, որ սոցիալական այդ ծախսերը պահպանվել են ոչ թե իշխանությունների աշխատանքի, այլ արտաքին պարտքը կրկնապատկելու արդյունքում: Իսկ դրա համար կարողություններ պետք չեն: Իսկ թե երբ է գալու արդյունաբերության մասին մտածելու ժամանակը, կարծում եմ` համալիր լուծումների անհրաժեշտություն կա. եթե տնտեսությունը միտված չէ ազատ մրցակցության, եթե կառավարման համակարգը ազատ մրցակցությունը գործնականում չի ընդունում, ինչպե՞ս կարող է արդյունաբերություն զարգանալ: Արդյունաբերությունը, որպես օրենք, ենթադրում է տնտեսական ազատության առկայություն: Եթե քո հիմնական նպատակը գումարներ հավաքելն է, ներմուծումների հաշվին շատ ավելի հեշտ է այդ խնդիրը լուծել, քան արտադրության պարագայում, որն ավելի բարդ գործընթացներ է պահանջում:
-Ընդհանրապես կա՞ն արդյունաբերության զարգացման նախադրյալներ:
-Մեզ մոտ արդյունաբերության երկու ճյուղ է գործում` հանքարդյունաբերությունը` ապարների նախնական մշակման տեսքով ու արտահանումով, և էներգետիկան: Կառավարության վարած քաղաքականությունը մի գնահատական ունի` տեղի է ունենում քաղաքացիների եկամուտների հավաքագրում տարբեր միջոցներով:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Ե՛վ օրենսդիր, և՛ գործադիր քաղաքականությունը: Հերթական փաստը` ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման բյուրոյի նիստի արդյունքները, որոնք հաստատել է Կենտրոնական բանկը: Արդեն բազմաթիվ բողոքներ կան: Դա հերթական խաբեությունն է: Օրինական թալան: Ինչո՞ւ պետք է ինձ` իբրև ավտոտրանսպորտի տիրոջ, պարտադրվի ապահովագրության նման բարձր գումար: Ինչո՞վ է հիմնավորված այդ գումարը: Օրենքն ընդունելիս նշվում էր մոտ 20000 դրամ, հիմա դարձել է նվազագույնը 30000: Շատ ընտանիքներում մեքենան ընտանեկան սեփականություն է, և նույն մեքենան կարող են մի քանիսը վարել, այդ պարագայում գումարը դառնում է 51000: Դա` միջին հզորության մեքենաների դեպքում: Ինչո՞ւ պիտի քաղաքացիների հաշվին գերշահույթներ ստանան ինչ-որ մասնավոր սուբյեկտներ: «Ժառանգությունը» ժամանակին դեմ է եղել այն մեխանիզմներին, որոնք դրված էին օրենքի հիմքում: Իշխանությունները, այլևս չունենալով վաճառքի օբյեկտ` հանք, ծառայություն, երկաթուղի, հեռախոսակապ, էներգետիկա, հարստության միակ աղբյուրը համարում են քաղաքացու գրպանը մտնելը: Երբևէ նման ծայրահեղ գնահատական չեմ տվել, բայց արդեն հստակ է այդ քաղաքականությունը, նույնիսկ հայտնի են այն անձինք, ովքեր ստանալու են այդ եկամուտները: Տնտեսական նմանատիպ քաղաքականությունը տարբեր ոլորտներում, բնականաբար, բերելու է արտագաղթի:
-Արտագաղթի նոր ալիքի պատճառը վարվող տնտեսական քաղաքականությո՞ւնն եք համարում:
-Պատճառներից մեկը, որովհետև այս ալիքի ամենաբնորոշ գծերից մեկը սոցիալապես ապահով մարդկանց հեռանալն է:
-Միջին խավի՞:
-ՈՒզում եք` միջին խավ ասեք, ուզում եք` գործարար, մարդիկ հեռանում են` հակառակ գեղեցիկ խոսքերի ու խոստումների: Այն տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում խոշորներն ավելի են խոշորանում ու քիչ հարկեր մուծելով, տնտեսական դաշտում ավելի մեծ կշիռ են ունենում, իսկ փոքրն ու միջինը տնտեսական նվազ կշիռ ունենալով, հարկախեղդ են լինում, բնականաբար, հանգեցնելու է Հայաստանից այդ գործարարների հեռանալուն:
-«Ժառանգությունը» բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ անելո՞ւ է:
-Առայժմ այդ հարցը չի քննարկվել: Անցած տարի շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Մենք բազմաթիվ առաջարկներ արեցինք, որոնք կառավարությունը չընդունեց: Նախարարը շատ անկեղծ էր` ինչո՞ւ ընդունենք ձեր առաջարկությունները, միևնույն է, դեմ եք քվեարկելու: Այսինքն` ճիշտ, սկզբունքային քաղաքականությունը կառավարությունը չի գնահատում:
-Եթե առաջարկներն ընդունվեին, կողմ քվեարկելու տարբերակ կա՞ր:
-Ոչ, որովհետև այդ առաջարկներն ընդամենը մի քիչ կարող էին շտկել իրավիճակը և գլոբալ փոփոխություններ չէին բերելու: Ընդհանրապես ամբողջ աշխարհում նորմալ է ընկալվում, երբ ընդդիմությունը դեմ է բյուջեի նախագծին, որովհետև բյուջեն տվյալ տարում մեծամասնության քաղաքականությունն է: Եթե ընդդիմությունը կողմ է մեծամասնության քաղաքականությանը, ճիշտը մեծամասնությանը միանալն է:
-ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը, համանախագահների հայտարարությունը, Աստանայում դեկտեմբերին ԵԱՀԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը, Հայաստանի ներքին իրավիճակը, աշխարհում կատարվող իրադարձությունները` այս ամենի հանրագումարում հնարավո՞ր է ԼՂ հարցում համաձայնագրի տեսքով որևէ վճռի ընդունում:
-Չեմ կարծում, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ-ին առնչվող որևէ համաձայնագիր ստորագրի, նա շատ պարզ պատկերացնում է, որ ցանկացած պայմանագիր միանշանակ բացասական ընկալում է ունենալու:
-Ինչո՞ւ, գուցե շատ էլ ընդունելի պայմանագիր է լինելու:
-Դուք կանխեցիք` ես նկատի ունեի պայմանագիր, որտեղ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը չի պահպանվի: Քաղաքական բոլոր նորմալ ուժերը և ժողովուրդը չեն ընդունի, այդ քայլից հետո իշխանափոխությունն օրերի ու ժամերի խնդիր կդառնա: Իմանալով դա և այն, թե ինչ վտանգներ Հայաստանի համար կարող է նման համաձայնագիրը բերել, Սերժ Սարգսյանը չի ստորագրի: Բայց դա դեռ չմտահոգվելու առիթ չէ: Բազում առիթներ կան մտահոգության:
-Օրինա՞կ:
-Օրինակ` Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը, ակտիվ քաղաքականությունը միջազգային կառույցներում, որի արդյունք է նաև համանախագահների դաշտային գնահատման առաքելությունը, որի հիման վրա զեկույց պետք է ներկայացվի: Հայկական ակտիվ քաղաքականություն ես չեմ տեսնում:
-Միակ հակաքայլ համարում եք ԼՂՀ-ի ճանաչո՞ւմը:
-Դա երբեք չի կարող միակ հակաքայլը լինել, բայց կարող է կարևորագույն քայլերից մեկը լինել:
-Չե՞ք կարծում, որ այդ քայլից հետո Ադրբեջանը կկասեցնի բանակցությունները:
-Մենք մտածում ենք ադրբեջանակա՞ն քաղաքականության մասին, թե՞ հայկական:
-Մենք մտածում ենք արդյունքի ու հետևանքի մասին:
-Բայց ակնկալում ենք հայամետ արդյո՞ւնք:
-Իսկ Դուք ա՞յլ կարծիք ունեք:
-Եթե 16 տարի բանակցությունները վարվում են, հայամետ ի՞նչ արդյունքի են հանգեցրել:
-16 տարի ունեցել ենք խաղաղություն և ստատուս քվո:
-Ադրբեջանին հարձակման համար առիթ պետք չէ, երբ Բաքուն 150 տոկոսով վստահ լինի, որ կարող է հաղթել, պատերազմ կսկսի: Մինչև պատերազմ սկսելը Ադրբեջանը փորձում է միջազգային ասպարեզում արդարացնել իր քաղաքականությունը` օկուպացված տարածքներ, տարածքային ամբողջականության վերականգնում, թիվ ու համրանք չունեցող փախստականներ, հետևանքը եղան ՄԱԿ-ի, ԵԽԽՎ, Եվրախորհրդարանի բանաձևերը... Այս օրինագծի ընդունումը չէ, որ պատերազմի առիթ կարող է դառնալ, սա մեկ, և երկրորդ` Ադրբեջանում միջազգային տարբեր կորպորացիաներ բազմամիլիարդ ներդրումներ են արել նավթա-գազախողովակների տեսքով, որևէ մեկը չի ների Ադրբեջանին պատերազմը, երբ սովորական սպառազինությունների օգտագործմամբ էլ այդ խողովակաշարերն օդ կբարձրանան, և բազմամիլիարդ ներդրումները զրոյանան: Երրորդ պատճառը գուցե սուբյեկտիվ է, բայց ավելի ազդեցիկ է, ի բարեբախտություն մեզ, Ադրբեջանի իշխանությունը ևս խրված է կոռուպցիայի մեջ, սուլթանական համակարգը չի կարող նավթագազադոլարների եկամուտներից հրաժարվել: Երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը սաստկացրեց, հիշո՞ւմ եք, Ալիևների դինաստիական հարստության ինչ բացահայտումներ եղան: Իսկ բանակցությունների ընդհատման առումով` այս ընթացքում տասնյակ առիթներ եղել են ընդհատելու, քաղաքականից մինչև ռազմական:
-Մենք Ադրբեջանին իրավունք վերապահում ենք բանակցություններն ընդհատելու, բայց մեր նման իրավունքը չե՞նք ընդունում:
-Ադրբեջանը չի ընդհատի բանակցությունները, որովհետև չի ցանկանա ապակառուցողական դիրքերից հանդես գալ: Ճանաչելով ԼՂՀ անկախությունը, մենք ոչ թե բանակցություններից դուրս ենք գալիս, այլ շարունակում ենք եռակողմ ձևաչափով: Հայաստանի որևէ իշխանություն ԼՂՀ կարգավիճակի համար չպիտի բանակցի, այդ կարգավիճակը ղարաբաղցիները որոշել են դեռևս 1992 թ. հանրաքվեով: Ի վերջո, եթե Հայաստանը հայտարարում է, որ չի ցանկանում ճանաչել ԼՂՀ-ն, քանի որ չի ցանկանում խափանել բանակցային գործընթացը, մնացած պետությունները ևս այդ հիմնավորումն օգտագործելու են և խուսափելու են ԼՂՀ անկախությունը ճանաչելուց: Եթե դու չես ցանկանում պայքարել, որևէ մեկը քո կողքին չի կանգնելու, երբ դու ակտիվ դիրքորոշում ունենաս, գործընկերներ միշտ կգտնվեն:
-Դուք համամի՞տ եք այն կարծիքին, որ մեր արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական է, հաղթողական...
-Եթե ներկայացնեք այդ նախաձեռնողական-հաղթողականի մի լուրջ ձեռքբերում, կհամաձայնեմ այդ գնահատականին: Բայց այս պահին նման արդյունք չկա: Ի՞նչ ունենք հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնողական քաղաքականության արդյունքում: Փակ սահմաններ, ցեղասպանության ճանաչման հարցի սառեցում միջազգային ասպարեզում, ակտիվ թուրքական քաղաքականություն տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս: Թուրքիան, որ մինչ այժմ գոնե հրապարակավ չեզոք էր ԼՂ հարցում, նույնիսկ մի պահ փորձեց ԼՂՀ ՄԽ ձևաչափը եռանախագահությունից քառանախագահության վերածել, բացի այդ, կա Թուրքիա-Ադրբեջան գաղտնի պայմանագիր, որն այդպես էլ չհրապարակվեց: Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունների առումով հայկական կողմը ոչինչ չշահեց. եթե ժամանակին Հայաստանի նկատմամբ չեզոք Թուրքիա կար, հիմա տեսնում ենք ազգայնականության այնպիսի պոռթկում, որ Անիի մայր տաճարում նամազ են անում: Ակտիվացած Թուրքիային ի հակակշիռ իշխանությունները մեկ այլ սխալի գնացին` Գյումրիի ռուսական ռազմաբազայի 49 տարով պայմանագիրը: Մեծ արագությունների մեր դարաշրջանում նման պայմանագիրն ուղղակի անհասկանալի է, որը, մի կողմից, սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, մյուս կողմից` ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հայ-թուրքական հարաբերությունները, որ պետք էր նման պայմանագիր ստորագրել: Հավելեք ԼՂ դաշտային առաքելությունը, որի ավարտից հետո հնչած հայտարարության մեջ հայտնվեցին ոչ միայն «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, այլև Խանքենդի մոռացված անվանումը: Ադրբեջանը տարբեր լծակներով, շանտաժով կարողանում է հասնել իր նպատակներին, դա մեր դիվանագիտության ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է: Հայկական դիվանագիտությունն այսօր ընդամենը պատասխանողի դիրքերում է, երբեմն հաջողված-երբեմն ձախողված, հայկական կողմն օրակարգ չի ձևավորում, ձևավորում են ադրբեջանաթուրքականը, բնականաբար, ի նպաստ իրենց և կարողանում են կյանքի կոչել: Մենք նույնիսկ եվրոպական ուղղությունը չենք ցանկանում զարգացնել, իրական ժողովրդավարական բարեփոխումներ անելով, թեպետ կար հարաբերությունները սերտացնելու եվրոպացիների նախաձեռնությունը: Այդքանից հետո անվանեք մեր քաղաքականությունը հաղթողական, նախաձեռնողական կամ չգիտեմ թե ինչ, բայց որևէ արդյունք չակնկալեք:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ